ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վերջին կրակոցի իրավունքով

Վերջին կրակոցի իրավունքով
23.06.2009 | 00:00

ԿԻՍԱՆԵՐՈՒՄ
Ազգային ժողովի հունիսի 19-ին կայացած նստաշրջանի արդյունքները, իբրև մարդասիրության ու լայնախոհության դրսևորում, ըստ ամենայնի լուսաբանված են, համաներման առաջարկի մանրամասներն էլ թերթի նախորդ համարում արդեն ներկայացված են, ուստի մնում է անդրադառնալ հետևանքներին:
Որ ամնիստիա և ամնեզիա հասկացությունները նույն արմատն ունեն, ո՞վ կմտածեր: Երևի, բացի Ստյոպա Սաֆարյանից, ոչ ոք: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պատգամավորներին երկար-բարակ ներկայացրեց համաներման նախագիծը` անցյալ համաներումների հետ շահեկան համեմատություններով, 14 պատգամավորներ հարցեր տվեցին, ելույթներ ունեցան, առաջարկներ արեցին, որոնցից ընդունվեց միայն մեկը ու մեկի էլ կեսը: Այսքանը:
Եվ այդ ընթացքում պարզվեց, որ, իրոք, ամնիստիան ու ամնեզիան շատ սերտ հասկացություններ են, համարյա քույր-բառեր, տեղ-տեղ նույնանում են, տեղ-տեղ հակադրվում, տեղ-տեղ խաղեր են տալիս, բայց շատ հարազատ են իրար` մարդկանց ներելու ունակությունը և մարդկանց հիշելու ունակությունը, մարդկանց չներելու և մոռանալու կարողությունը:
Փաստորեն, ելույթները բաժանվում էին երկու հիմնական մասի. առաջին` ներբողներ մայիսի 28-ին ՀՀ նախագահի ուղերձի առիթով, երկրորդ` պարզաբանումներ համաներման բովանդակության ու ձևի վերաբերյալ` բացառապես մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ: Ինչպես միշտ, խորհրդարանում ի սկզբանե բոլորն ամեն ինչ գիտեն վերջի մասին, բայց կա կանոնակարգ, ու խաղն ըստ կանոնների կայանում է ցանկացած պարագայում: Ընդ որում, ջրբաժանը հստակ էր` իշխանական բոլոր պատգամավորները, հիացած մայիսի 28-յան ուղերձով` միանշանակ համերաշխության ու միասնության կոչեր էին կրկնում, նաև` համաներումով մոռանալու կատարվածն ու կյանքը նոր էջից սկսելու անհրաժեշտության, իսկ ընդդիմադիրները խոսում էին բացառապես քաղբանտարկյալների, նրանց բոլորին համաներումով ազատություն տալու անհրաժեշտության, մարտի էջը համաներումով փակելու անհնարինության և տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտման կարևորության մասին: Քննարկումներն իրապես հետաքրքիր էին այն մարդու համար, ով առաջին անգամ էր Հայաստանում: Նման մեկը միայն կարող էր հավատալ հնչող «անկեղծ» ելույթների անկեղծությանը, միասնության ու համերաշխության կոչերին, պոետիկ ու պրոզայիկ պոռթկումներին: Որևէ մեկը, առանց հոգուն մեղք անելու, չէր կարող ասել, որ պատգամավորները ճիշտ չեն, երկրի ու նրա քաղաքացիների ճակատագրով մտահոգ չեն ու չեն ուզում ժողովրդավարության առաջընթացը, Հայաստանի իմիջի վերականգնումը կամ բարձրացումը, միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում, հանձն առած պարտավորությունների կատարումը չեն կարևորում: Բնավ: Նրանք հայրենասեր ու հանձնառու են: Նրանք ուղղակի ու ընդհանրապես պատգամավորի լիարժեք ու ամբողջական կերպար են: Պարզապես կյանքը կյանք չէ, կա իրականություն ու կա իրական իրականություն: Նրանք բոլորն իրականության դաշտից են, իսկ իրական իրականությունը, ցավոք, խորհրդարանի պատերից ու նույնիսկ այգուց դուրս է մնում: Հենց նստաշրջանի ժամանակ այդ իրական իրականությունը խորհրդարանի ցանկապատից դուրս պահանջում էր բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և չստացավ: Պահանջում էր մարտյան իրադարձությունների ամբողջական բացահայտում և չի ստանա: Հենց պատգամավորներն էին ասում, որ համաներումով այդ էջը չի փակվի, որ փաստահավաք խմբի լուծարումը հարցի լուծում չէր, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն առայժմ չի տալիս ակնկալվող արդյունքները, որ համաներումն էլ իրականում ոչ թե համաներում է, այլ կիսաներում։
Տասնյակ ելույթների մեջ ուղղակի ցուցադրական օրինակելի էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտահերթ ելույթը: Նախանձելի անկեղծությամբ ԱԺ նախագահը, տառերն իրար կապելով, հաստատում էր, որ ստեղծված քաղաքական իրավիճակում համաներումը երկար սպասված ու միանգամայն արդարացված քայլ է, ունի թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական նշանակություն ու ազդակ կարող է դառնալ հանրային նպատակադրումները միայն դեպի առաջ ու միայն դեպի զարգացում ուղղորդելու նպատակի իրագործման ճանապարհին: Նա այնքան էր շտապում, որ հարկ չհամարեց բացատրել` ի՞նչ է դա նշանակում ու ինչպե՞ս է իրականացվելու առաջարկվող կիսամիջոցներով:
Նա նաև հավաստում էր, որ իշխանության համար կարևոր է ոչ թե կոծկել խնդիրները, այլ հանգամանորեն վերլուծել, անաչառ գնահատական տալ, գտնել համարժեք լուծումներ: Այսինքն, փաստահավաք խմբի լուծարումը հենց այդ նպատակին ուղղված քայլ էր:
Բնականաբար, նա ևս ՀՀ նախագահի մայիսյան ուղերձին անդրադարձավ, նույնիսկ ընդարձակ մեջբերումներ ընթերցեց: Նա ևս միանգամայն համոզված է, որ ինչ-որ պահի պետք է կանգ առնել և սկսել նոր էջից, ու կարծում է, որ համաներման առաջարկով պատգամավորներին հնարավորություն է ընձեռվել ևս մեկ ներդրում ունենալ (մնացած ներդրումների մասին համեստորեն չխոսվեց) մարտի 1-2-ի իրադարձությունների հետքերը բուժելու գործում: Նա նաև նույնքան համեստորեն համամիտ էր, որ «իրադարձությունների նման ընթացքի մեջ բոլորս ունենք մեր մեղքի բաժինը»: Բայց ո՞ւմ հետ էր համամիտ, ո՞վ ունի մեղքի իր բաժինը, ՀՀ շարքային քաղաքացին ինչո՞վ է մեղավոր, որ ընտրական արդարության որոնումներում փողոց է դուրս գալիս, ու իր վրա կրակում են, հետո էլ ասում են` դու էլ ես մեղավոր: Ավելին, Հովիկ Աբրահամյանը մինչև վերջ չի պարզել` ո՞ւմ մեղքն է ավելի` s: Փաստորեն, իր համար էլ չպարզված պատճառներով նա ընդունում է, որ օրենքի և իրավապաշտպանների հետ մենակ մնալը մահացու վտանգներ է պարունակում ժողովրդի համար (տասը մարդու համար` նվազագույնը): Հովիկ Աբրահամյանը խորապես ու անդարձ համոզված է, որ անազատության մեջ գտնվողները միանշանակ մեղավոր են, թեպետ ոչ բոլորի դատավարություններն են ավարտվել ու մեղսագրվող հանցանքներն էլ հաստատվել, բայց մի՞թե դա կարևոր է, կարևորը, որ մինչ օրս ազատության մեջ են ժողովրդին հրահրողները... Մտքի թռիչքներն այսքանով չեն սահմանափակվում, նաև հայտարարում է, որ դեռ երկար պետք է խորհել մարտի 1-ի դեպքերի մասին ու դասեր քաղել, և անմիջապես առաջարկում է նոր էջից սկսել: «Պարտավոր ենք սկսել: Ողջ հասարակությունով»: Ինչո՞ւ ենք պարտավոր, ով այդ էջը բացել է, նա էլ պարտավոր է, «ողջ հասարակությունը» ի՞նչ պարտավորություններ է ստանձնել: Ինչո՞ւ են ասվում այս անիմաստ բառակույտերը, որ իրական իրականության հետ ոչ մի առնչություն չունեն, որ իրենց ամբողջ նշանակությունը սպառում են հենց ասվելու պահին: Ինչքա՞ն է դեռ ականջ սղոցելու ազգային ներուժը ջլատող պառակտումներից վեր կանգնելու կոչը, որ հնչեցնում են հենց այն մարդիկ, ովքեր հասարակությունը հստակ տարաբաժանում են յուրայինների ու օտարների, ում համար ասված խոսքը նշանակություն չունի և չի համադրվում գործերի հետ, պարզապես հակադրվում է: Արտահերթ նստաշրջանը հերթական անգամ ի ցույց հանեց շատ տխուր, շատ ցավալի մի իրողություն` խորհրդարանը փաստացի ոտնահարում է իր մանդատը, լինելով ներկայացուցչական մարմին` ներկայացնում ու պաշտպանում է միայն մեկ մարդու կամքը: Եվ ո՞վ է նրանց համաներելու...
Եվ վերջապես` իշխանությունը համաներման ակտով ընդամենը կարճ դադար է վերցնում ընդդիմության հետ պայքարում, ընդունելով մինչև սեպտեմբեր ՀԱԿ-ի հայտարարած «զինադադարը», բայց փորձելով իրեն վերապահել մենամարտում վերջին կրակոցի իրավունքը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ